16/05/2020 13:48
Արտահանողները փորձել են ապօրինի վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել. Փաշինյանը մեկնաբանեց մաքսանենգ ծխախոտի մասին Մինասյանի հայտարարությունը
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայլ Մինասյանը օրերս սկանդալային բացահայտում էր արել՝ հայտարարելով, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել, իբր, Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառել Ռուսաստանի Դաշնությունում:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին վերաբերող հարցին, ըստ որի, նա մաքսանենգ ճանապարհով ծխախոտ է արտահանել։
«Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ն ապօրինություն թույլ չի տվել: Այդ արտահանողներն իրենք են, որ պետք է արտահանեին երրորդ երկիր և փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել։ Այդ հարցով այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն», - ասաց վարչապետը։
Նա չմեկնաբանեց Մինասյանի ևս մեկ բացահայտում, որ այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, այդ թվում՝ Հրաչյա Հակոբյանը:
«Կնոջս եղբորը վերաբերող դրվագին ես տեղյակ եմ, Հրաչյան դատական հայց է ներկայացրել։ Ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք ու անհրաժեշտություն կունենամ, այլ դատական պրոցեսի ընթացքում բոլորդ հնարավարություն կունենաք տեսնելու՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ», - ասաց Փաշինյանը: