18/05/2020 17:15
Հայաստանի գործատուների միությունը անհանգստություն է հայտնել Ucom ընկերության և ղեկավարության շուրջ կատարվող իրադարձությունների մասով
Հայաստանի գործատուների հանրապետական միությանը, որը գործում է Հայաստանում 2007 թվականից և ներկայացնում է Հայաստանի խոշոր ընկերությունների 20 տոկոսից ավելին, իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի պետական ու իրավապահ մարմինների գործողության արդյունքում տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին։
Միության պաշտոնական հայտարարությունում ասված է.
«ՀԳՀՄ-ն մնալով հավատարիմ իր առաքելությանը՝ «Խթանել բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, պաշտպանել բիզնես համայնքի և գործատուների շահերը՝ ուղղորդելու դեպի տնտեսական աճ և բարեկեցություն», իր անհանգստությունն է հայտնում հակակոռուպցիոն գործառույթների շրջանակում ՀՀ Սահմանադրության պահանջների կատարումից որոշակիորեն շեղվելու ռիսկերի վերաբերյալ: Այն է՝ ՀՀ պետական իշխանությունը իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի հիման վրա, որի ապահովումը մշտապես պետք է ուղեկցվի ցանկացած գործողությամբ»:
Հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ տնտեսությունը դեռևս օժտված չէ մեծ թվով հաջողված ձեռնարկատիրության օրինակներով և կարևոր է ձեռնարկությունների հիմնադիր անձերի պատմությունը չնույնականացնել ձեռնարկության համբավի և գործունեության հետ՝ լայն թվով շահառուների չվնասելու համար։
«Ucom ընկերությունն ունի լայն ճանաչում և հայտնի է որպես բարձր արդյունավետության կազմակերպություն և այդ առումով պետք է հոգ տարվի, որպեսզի նրա ամենօրյա ձեռնարկատիրական գործունեությունը և վարկանիշը չվնասվեն»,- ասված է հայտարությունում:
Հիշեցնենք, որ ապրիլի 28 -ին Ucom ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը։ Հայտարարությանը հետևեց քրեական հետապնդումը Գուրգեն Խաչատրյանի հանդեպ, ինչպես նաև միտումնավոր ընկերությանը վնաս հասնելու փորձեր կատարվեցին, ինչպես, օրինակ՝ մայիսի 13-ին անհայտ անձանց կողմից Ucom-ի բջջային ցանցը շարքից հանելու գործողությունները։