18/05/2020 10:31
Աֆղանստանի արևելքում ավտոմեքենայի պայթյունը խլել է 7 մարդու կյանք
Յոթ մարդ մահացել է, ավելի քան քառասունը՝ վիրավորվել, Աֆղանստանի Ղազնի նահանգում Ազգային անվտանգության վարչության (NDS) տեղական ստորաբաժանման շենքի մոտակայքում մահապարտ ահաբեկչի կողմից ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետևանքով, հայտնում է Tolo News-ը՝ հղում անելով առողջապահական ոլորտում աղբյուրներին
«Զոհերի մեծ մասը NDS-ի աշխատող է», - նշում է հեռուստաալիքը՝ մեջբերելով անանուն աղբյուրին:
Ըստ անվտանգության պաշտոնյաների՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 4:30-ին (Երևանի ժամանակով 4։00-ին): Իր հերթին, երկրի ՆԳՆ-ն հաստատել է պայթյունի փաստը՝ միաժամանակ նշելով, որ «ահաբեկիչները կրկին հարձակվել են Ղազնիում գտնվող կրոնական կենտրոնի վրա»:
Մարզային խորհրդի ղեկավարը 1TV- ին հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհված բոլոր մարդիկ անվտանգության ուժերի անդամներ են:
Աֆղանստանում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը հարձակման պատասխանատվություն չի ստանձնել: