18/05/2020 19:12
Իսրայելը կրծողների վրա հաջողությամբ փորձարկել է կրոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը Նես Ցիոնե քաղաքում հաջողությամբ ավարտել է կրծողների վրա COVID-19 վարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին երկուշաբթի հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը:
Ըստ աղբյուրի՝ փորձարկման ժամանակ պատվաստվել է ինստիտուտի լաբորատորիայի կրծողների 50%-ը: Այնուհետև կենդանիներին փորձել են վարակել նոր տեսակի կորոնավիրուսով: Պատվաստված կենդանիները մնացել են առողջ, իսկ չպատվաստվածները վարակվել են COVID-19-ով:
Շուտով ինստիտուտը կսկսի փորձարկման հաջորդ փուլը՝ այլ կենդանիների, իսկ այնուհետև՝ մարդու վրա: Նշվում է, որ եթե ուսումնասիրությունն ընթանա ըստ պլանի, ապա վիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մեկ տարուց կամ նույնիսկ ավելի վաղ:
COVID-19 պատվաստանյութի փորձարկումները սկսվել են ապրիլին, այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտին խնդրել է միանալ կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարին: