18/05/2020 17:26
Անժելա Էլիբեգովան թիրախավորվել է, քանի որ բարձրակարգ մասնագետ է, և սա ուղղորդված, միասնական քաղաքականություն է. Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն իր արժանապատվությունից ցածր է համարում մեկնաբանել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գրառումը, որով վերջինս վիրավորել էր ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային։
«Խուլիգանական, ամբողջովին մերժելի, դատապարտելի բառապաշար է։ Անժելա Էլիբեգովան կայացած, բավականին լայն ճանաչում ունեցող մասնագետ է, և այն մասնագիտության մեջ, որտեղ ինքն աշխատում է, ճանաչված է որպես վերին աստիճանի կոռեկտ և բարձր գիտելիքների տեր մարդ։ Հենց այս որակների և աշխատանքի բարձր արդյունավետության շնորհիվ է, որ Անժելայի վերլուծությունները շատ անգամ մաս են դառնում Եվրոպական դատարան հայկական կողմից տրված բողոքների», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ երբ որպես թիրախ է վերցվում այդ մասնագետը, այդտեղ ուրիշ բան է պետք տեսնել.
«Պետք է տեսնենք, որ բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն, որ Ալիևը և բոլոր ալիևչիները կառուցողական են իրենց դիրքորոշման մեջ, նրանք անպայման պետք է ապակառուցողական որակվեն հենց Հայաստանում։ Ընդ որում, դա արվում է բավականին բարձր կարգավիճակ ունեցող անձի կողմից։ Այդ անձն առայժմ չի էլ հասկացել, թե ինչ բարձր կարգավիճակ ունի, նա պետք է տասն անգամ հաշվարկեր ամեն մի խոսքը և հետո արտահայտվեր։ Հեռահար, շատ ցավոտ կետերին են նշան արել և Անժելա Էլիբեգովան իրենց թվացել է շատ ավելի հարմար, որովհետև, կրկնում եմ, նա բարձր որակի մասնագետ է։ Եթե Անժելան չունենար այդ որակները, իրեն չէին կպնի»։
Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ վիրավորողը մեկը չէ։
«Դա զուտ մեկ անձի, զուտ իր մակարդակի արտահայտումը չէ։ Սա այն քաղաքականությունն է, որը մենք տեսնում ենք։ Եվ բոլորին դիմելով, ասում եմ՝ մի դատեք այսպիսի դրվագների մասին հատվածական։ Եթե բոլորը համադրեք ժամանակի մեջ, կտեսնեք, որ դա միասնական քաղաքականություն է՝ պաշտպանել օրվա վարչապետի ավելի քան տարօրինակ թեզն Ալիևի կառուցողական լինելու մասին։ Եվ բոլոր նրանք, ովքեր բերում են փաստարկներ, հիմքեր ու ապացուցում են, որ ամբողջովին հայատյաց և մարդատյաց է այդ քաղաքականությունը, նրանք պետք է դառնան այդ նոր քաղաքական խմբի թիրախ»։