18/05/2020 17:38
Վերաարժևորեցի ամեն ինչ և հասկացա՝ շատ բան է փոխվել. Ինչպե՞ս է արտակարգ իրավիճակը հաղթահարել երգչուհի Իրինա Հարությունյանը
Երգչուհի Իրինա Հարությունյանն, ով վերջին շրջանում հանդես էր գալիս մեկը մյուսին հաջորդող երգերով և տեսահոլովակներով, Aysor. am-ին պատմել է տևական դադարի, հանգստի, առօրյան երեխաներին նվիրելու և կարոտի մասին:
- Ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել մեր երկրում ստեղծված արտակարգ դրությունը, քանի որ այս ընթացքում փակ են այն բոլոր վայրերը, որտեղ աշխատում էիք:
- Ինչպես բոլորը, այնպես էլ ես, ամբողջ ժամանակահատվածս անցկացրել եմ տանը կամ շատ մտերիմ մարդկանց շրջապատում:
- Շատերն այս ընթացքը համարում են «պետքական», քանի որ կարողանում են լցվել ու նոր մտահղացումներով հանդես գալ: Ձեր դեպքում ինչպե՞ս է:
- Բավականին երկար ժամանակահատված աշխատել եմ շատ խիտ գրաֆիկով և ժամանակ չեմ ունեցել մի փոքր կանգնելու և խորհելու: Այո, համաձայն եմ, այն ինձ համար ևս պետքական էր: Ինչ-որ առումով մտքերս դասավորեցի, վերանայեցի և վերաարժևորեցի: Իրականում շատ բան է փոխվել:
- Հետաքրքիր է` ինչպե՞ս եք անցկացնում Ձեր առօրյան և կարողանո՞ւմ եք այն որոշակի առումով լցնել, քանի որ նախկինում առօրյան խիտ էր ու չափից շատ զբաղված:
- Ի սկզբանե շատ անհարմար էր ինձ համար, ոչ մի կերպ չէի կարողանում հարմարվել այս վիճակին: Բայց հետո, երբ սկսեցի օգուտ քաղել այս վիճակից, հակացա, որ ինձ դուր է գալիս կյանքի այս շրջանը ևս:
- Ձեր գործունեության վերջին շրջանը շատ բեղումնալից էր` տեսահոլովակներ, երգեր, նկարահանումներ: Կարծես թե, ամենաակտիվ երգչուհիներից էիք, պատրաստվո՞ւմ եք տեմպը չթողնել և լրացնել այս բացը նոր ու տարբերվող աշխատանքներով:
- Այս տարվա մեջ ես շատ անակնկալներ ունեմ պատրաստած իմ երկրպագուների համար: Այնպես որ, տեմպի թուլացման մասին խոսք լինել չի կարող:
- Շատերը նշում են, որ սա շատ լավ առիթ էր ընտանիքի գրկում լինելու, ժամանակ տրամադրելու ու վայելելու համար... Ձեր դեպքում ինչպե՞ս էր:
- Ուրախ եմ այն առումով, որ շատ ժամանակ ունեցա բալիկներիս հետ անցկացնելու համար:
- Ի՞նչն եք ամենից շատ կարոտել ամիսների մեկուսացումից հետո:
- Ամենից շատ կարոտել եմ աշխատանքս: