19/05/2020 17:45
Բաց տարածքներում դիմակ չունենալը կտուգանվի 10 000 դրամով, նախկինում տեղաշարժի թերթիկ չունենալու հետևանքով մինչև 250.000 տուգանքի չափը ևս կվերանայվի՝ դառնալով 10 000 դրամ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 87 կողմ ձայներով ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Վերանայվել է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու հետևանքով սահմանված տուգանքի չափը՝ նախկինում եղած նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկ չափից (100․000- 250․000 դրամ) դառնալով նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափ՝ 10.000 հազար դրամ:
Նշենք, որ այս դեպքում տուգանքի չափը վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակ չունենալու հանգամանքին։ Բաց վայրերում դիմակ կրելու պարտադրանք չկա, մինդեռ դրա առկայությունը պարտադիր է, իսկ փակ վայրերում դիմակ չկրելու համար պատասխանատվություն կստանձնի տնտեսվարող սուբյեկտը։
Ըստ նախագծի հիմնավորման՝ բաց տարածքում դիմակի առկայությունը պարտադիր է, որպեսզի անձն անհրաժեշտության դեպքում բաց տարածքից փակ տարածք տեղափոխվելու ժամանակ ունենա դիմակ և փակ տարածքում կրի այն:
Պարետի որոշման համաձայն՝ մայիսի 25-ից դիմակ կրելը պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև բաց վայրերում։
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացում նախագծում ամրագրվել է, որ տուգանքի չափը պիտի ունենա հետադարձ ուժ։ Վերջինս կկիրառվի նախկինում տեղաշարժման թերթիկ չունենալու հետևանքով 100 000-250 000 դրամ տուգանք կիրառված դեպքերի վրա։ Եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի դատական ակտերը և կսահմանի 10 000 դրամի չափով վարչական պատասխանատվություն։
Հետադարձ ուժը չի վերաբերի մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտած քաղաքացիներին։ Դրանց համար սահմանված տուգանքի չափը կմնա նույնը։