19/05/2020 18:28
Վաղն էլ ասելու են՝ «մարդ ա ուտում ընդմիջման ժամերին». Վարչապետը հորդորում է տուրք չտալ սուտ լուրերին և հավատալ կորոնավիրուսի գոյությանը (Տեսանյութ)
Ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ ստի շրջանառությունը բավականին էական դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե կորոնավիրուսի հաստատման առաջին օրվանից կառավարությունը ոչ մի տեղեկատվություն չի թաքցրել։
«Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ, որ պարետատան պահանջները խստորեն պահպանվեն։ Փակ տարածք առանց դիմակի որևէ մեկն իրավունք չունի մտնել։ Կիրառելու ենք լուրջ միջոցներ։ Այո՛, տուգանելու ենք և գանձելու ենք այդ տուգանքները, որովհեև սա ազգային անվտանգության հարց է», - ասաց վարչապետը։
Փաշինյանը հորդորեց չհավատալ սուտ լուրերին.
«Կորոնավիրուս չկա, վարչապետը դիմակի գործ ա անում, մի հատ էլ ասում են՝ «բա ինչի՞ չեք հերքում»։ Ժողովուրդ ջան, էս ընթացքում ինչ ասես հերքեցինք։ «Տան վրա 2 միլիոն դոլար են ծախսել», հերքեցինք, «ռեկետ են անում», հերքեցինք, «կոշիկի գործ են անում», հերքեցինք, «նարկոտիկի գործ են անում», հերքեցինք։ Հիմա, եթե ուզում եք հավատաք, հավատացեք։ Ասենք, եթե ձեր աչքի առաջ չի տեղի ունեցել էն ամեն ինչը, ինչ տեղի է ունեցել, հավատացեք։ Վաղն էլ ասելու են՝ «մարդ ա ուտում ընդմիջման ժամերին»»։
Վարչապետը խնդրեց անհեթեթ լուրերով իրենց չդիմել, չասել, որ պետք է հերքեն, թե դիմակի մեջ «փայ» չեն, մաքսանենգությամբ չեն զբաղվում, ապացուցեն, որ ուղտ չեն։
«Ով ուզում է դրան հավատա, թող հավատա: Թող գնա իրա սիրելի իշխանությանը հետ բերի ընդհանրապես ու երջանիկ ապրի», - ասաց վարչապետը։