19/05/2020 11:46
Բաց տարածքներում պարտադիր է ոչ թե դիմակ կրելը, այլ՝ դրա առկայությունը․ փոխնախարարը պարզաբանում է՝ որ դեպքում տուգանքներ կսահմանվեն
Ընդդիմադիր պատգամավորները պնդում են՝ կառավարության ձևակերպումները բաց տարածքում դիմակ չկրելու պահանջի մասին շփոթություն են առաջացնում։
ԱԺ արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին հստակեցնել, թե որ դեպքում պիտի անձը տուգանքի ենթարկվի դիմակ չկրելու համար։
«Ձեր ձևակերպումը հերթական խառնաշփոթն է առաջացնելու. բաց տարածքում դիմակի առկայություն ասելով՝ մարդկանց մեծամասնությունը հասկանալու է, որ բաց տարաքներում դիմակներ կրելը պարտադիր է։ Պետք է հստակեցնել, որ պետք է ունենալ դիմակ, և միայն փակ տարածքներում պիտի կրել այն», - ասաց Զոհրաբյանը։
Այս հարցը բարձրաձայնեցին նաև այլ պատգամավորներ, որին ի պատասխան՝ փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց․
«Այս պահին բացառապես պահանջ կա բաց տարածքներում ունենալ դիմակ, որի նպատակն այն է, որ եթե անձը բաց տարածքից փակ տարածք տեղափոխվի, հնարավորություն ունենա կրել դիմակը»։
Նա նաև ընդգծեց, որ բաց տարածքներում այս պահի դրությամբ ձեռնոց կրելու պահանջ չկա։
Ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակ կրելուն, ապա փոխնախարարն ընդգծեց, որ տնտեսվարող սուբյեկտներն իրենք պետք է վերահսկեն, որ յուրաքանչյուր քաղաքացի սպասրակման սրահ մտնելուց ունենա դիմակ կամ ձեռնոց։ Դրանց բացակայության դեպքում տուգանքի կենթարկվի տնտեսվարող սուբյեկտը։
Հիշեցնենք, որ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում առաջարկում է սահմանել տասը հազար դրամ տուգանք։