19/05/2020 13:31
Պարգև սրբազան. Եկեղեցու հարստության մասին խոսակցությունները հեքիաթներ են (Տեսանյութ)
Լեգենդներ էին պտտվում, մենք էլ կարծում էինք, որ այդպես է։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով հարցին, թե եկեղեցու այդ ինչ հսկայական հարստության մասին է խոսվում հանրության շրջանում, ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
«Գիտեք, ես մինչև ճեմարան ընդունվելը լսում էի, որ աշխարհի ամենահարուստ հաստատությունը Հայ առաքելական եկեղեցին է, անսահման գանձեր ունի, բայց երբ ճեմարանն ավարտեցի, հոգևորական դարձա, հասկացա, որ մեր ամբողջ կարողությունը Վազգեն կաթողիկոսի ժամանակ Շվեյցարիայի բանկում 4 մլն 800 հազար դոլար էր, որից տարեկան, կարծեմ, մեկ թե մեկ ու կես տոկոս էինք ստանում։ Ասացի՝ կներեք սա մի ցեխավիկից էլ պակաս փող է։ Ասացինք սա է մեր կարողությունն ընդամենը։ Բայց այնպիսի լեգենդներ էին պտտվում, դե մենք էլ բոլորս կարծում էինք այդ է՝ մի տաս տարի, եթե ազգն աղքատանա, հայ եկեղեցին իր սունդուկները կբացի և կպահի։ Պարզվեց, որ դրանք կատարյալ հեքիաթներ են, դա հին կոմունիստական պրոպագանդայի ձևեր են»,- ասել է Պարգև սրբազանը։
Հարցին, թե հիմա էլ է այդպես, սրբազանն ասել է.
«Հիմա ի՞նչ ունենք. 5 մլն դոլար չունենք, 8 մլն ունենք, ի՞նչ տարբերություն, դա ի՞նչ փող է։ Մայր աթոռը տարեկան մի քանի մլն դոլար դեֆիցիտ ունի, որ պետք է դրսից, մի տեղից ճարի, որ կարողանա այդ ծախսերը փակել։ Նույնն էլ Արցախի թեմը. բյուջեի մոտ 50 տոկոս դեֆիցիտ ունենք, սրան նրան պետք է խնդրենք մի քիչ օգնեն, որ նվազագույն աշխատավարձ տանք։ Մարդիկ կան, որ 30, 28 հազար դրամ աշխատավարձ են ստանում թեմում։ Ի՞նչ հեքիաթային հարստությունների մասին է խոսքը, ես զարմանում եմ»։