19/05/2020 20:00
Նոր շունչ՝ սև-սպիտակ նկարին. Ալվարդ Կոշկակարյանը գունավորում է հայ դասականների լուսանկարները
Սկսնակ գրաֆիկ-դիզայներ Ալվարդ Կոշկակարյանի ֆեյսբուքյան էջում հաճախ կարելի է տեսնել տարբեր գրողների բանաստեղծություններից հատվածներ՝ սև և սպիտակ լուսանկարով: Մի անգամ էլ Ալվարդի սիրելի գրողի՝ Վահան Տերյանի սև-սպիտակ լուսանկարի փոխարեն գունավորն էր:
«Այս տարի Տերյանի ծննդյան 135-ամյակն է: Նա իմ ամենասիրելին է, հայ գրողներից լավագույնը: Մտածեցի ինքս ինձ նվեր անել, որոշեցի գունավորել նրա նկարներից մեկը: Բացի այդ, միշտ այլ գրողների նկարներն աչքիս առաջ ունենալով, ցանկացա ուղղակի նրանց երանգավորված տեսնել: Որևէ գունավոր տարբերակ չեմ տեսել, չգիտեմ` կա, թե չէ», - պատմում է Ալվարդը:
Հիմա սիրողական է անում` իր և ընկերների համար: Սկիզբը տարակուսանքներով է եղել, մտածել է՝ գուցե ճիշտ չէ գունավորելն, ու այդ նկարների արժեքը հենց սև-սպիտակ լինելու մեջ է, բայց որոշել է փորձել:
«Ինձ թվում է, երբ գունավոր ենք նրանց տեսնում, ավելի իրական ենք ընկալում: Պատկերացումներում ավելի հստակ զգում ենք, որ նրանք էլ մի օր ապրել են մեզ նման, իրենք էլ են քայլել Երևանի կենտրոնում, իրենք էլ են ճաշել, գրկախառնվել, ժպտացել... ավելի կենդանի ենք տեսնում երևի: Սա միանշանակ չեմ ասում, որովհետև կան մարդիկ, որ ավելի կենդանի են համարում սև-սպիտակը», - ասում է գրաֆիկ-դիզայները:
Գույների ընտրության հարցում գործի է անցնում երևակայությունը, պատկերացնում՝ օրինակ Կոմիտասը կամ Տերյանն ինչ հագուստ կարող էին կրել: Քիչ-քիչ վերականգնելով՝ տրամաբանորեն ստեղծվում է ամբողջական պատկերը:
«Հետաքրքիր է երևակայել, թե քո սիրելի Վահան Տերյանը կամ Կոմիտասն ինչ գույնի վերարկու են հագել կամ ինչ գլխարկ դրել: Կարծում եմ՝ հիմնականում կընտրեին դասական հագուստ, դասական գույներով: Կոմիտասի համար մոխրագույն, մուգ շագանակագույն գույներն եմ ըտնրել: Հագուստի վրա աշխատելիս կարծում էի՝ հենց այդ գույներով կոստյում ու տաբատ է կրում: Տերյանին, օրինակ, մոխրագույն, կապույտ երանգով կոստյում էի ընտրել», - պատմում է Ալվարդը:
Նրա խոսքով՝ զգացողություններից ամենադժվարն ու անհաղթահարելին վերջնական արդյունքը տեսնելու անհագ ցանկությունն է: Չնայած գիտակցում է, որ լավ արդյունք ունենալու համար երկար ժամանակ է պետք լինելու: Դժվարություններն էլ հիմնականում կապված են նկարների որակի հետ:
«Աշխատանքի տևողությունը կախված է նկարից: Այն կարող է լինել նույնիսկ 4-5 ժամ, երբեմն՝ ավելի երկար, կախված նրանից, թե ինչ է պետք ստանալ: Լինում է՝ 1.5-2 ժամում ավարտում եմ: Փոքր նկարը, բնականաբար, դժվար կամ անհնար է լինում վերականգնել, բայց մենք ապրում ենք տեխնիկապես գերհագեցված աշխարհում, ինչը մեզ լայն հնարավորություններ է տալիս», - ասում է գրաֆկ-դիզայները:
Ալվարդն արդեն գունավորել է լուսանկարներ Վահան Տերյանից, Ավետիք Իսահակյանից, Կոմիտասից: Հաջորդը գույներով կենդանություն է ստանալու Ռուբեն Սևակը: