19/05/2020 17:00
Պետությունն այդ հանգամանքը հաշվի չի առել. կորոնավիրուսով առաջին վարակակրի կնոջն աշխատանքից հեռացրել են, սոցիալական աջակցությունից էլ օգտվել չի կարող
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը պաշտոնական տվյալներով արձանագրվել է մարտի 1-ին։ Վարակակիրն Իրանից վերադարձած Հայաստանի քաղաքացի Վարանդ Պետրոսյանն էր, ով արդեն երկու ամիս է՝ առողջացել ու դուրս է գրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից: Ի դեպ, այդ ընթացքում մեկուսացրել էին նաև նրա կնոջը, որի մոտ նույնպես հետագայում կորոնավիրուս էր ախտորոշվել: Ամուսիններն արդեն ապաքինվել ու վերադարձել են առօրյա կյանքին:
Aysor.am-ի հետ զրույցում Covid-19-ը հաղթահարած քաղաքացին խոստովանեց՝ հիվանդությունն առողջական առումով իր ու կնոջ վրա որևէ հետևանք չի թողել, իսկ այ գործունեության առումով անհետևանք չի մնացել. Վարանդ Պետրոսյանի կնոջը՝ Անասիս Մահմուդիին, գործատուն աշխատանքից ազատել է այն բանից հետո, երբ իմացել է, որ վերջինիս ամուսինը վարակակիր է:
«Կինս IT ոլորտում էր աշխատում: Երբ պարզվեց, որ ինձ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ու մենք պետք է մեկուսանանք, կնոջս իր գործատուից անմիջապես հաղորդագրություն եկավ, որ ազատված է աշխատանքից: Իհարկե, տարբեր պատճառաբանություններ հորինեցին, հետագայում էլ ասացին, որ վիրուսի պատճառով օֆիսը չի աշխատում: Կնոջս հարցին, թե ո՞րն է հիմնական պատճառը, այդպես էլ չպատասխանեցին, ասացին՝ հետո կգաս, կխոսենք: Հիմա նա չի աշխատում, տանն է», - տեղեկացրեց Վարանդ Պետրոսյանը:
Անասիս Մահմուդին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումից օգտվել չի կարող: Ժամկետները չեն համընկնում: Կառավարության որոշմամբ՝ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիներին միանվագ օգնություն է տրամադրվում՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Այնինչ, Մահմուդին աշխատանքից ազատվել է կառավարության սահմանած ժամկետից ընդամենը մի քանի օր առաջ:
«Ճիշտ է՝ իր ազատման պատճառ է դարձել կորոնավիրուսը, բայց քանի որ մենք առաջին հիվանդացողներն էինք, ժամկետները նշելիս պետությունն այդ հանգամանքը հաշվի չի առել, կինս այդ աջակցության ցանկից դուրս է մնացել: Համակարգչով ստուգել ենք, չկար: Կարծում եմ՝ պետք է կորոնավիրուսի գրանցման առաջին օրվանից ժամկետ նշեին», - զրույցը եզրափակեց նա: