19/05/2020 16:34
Խորհրդարանը քննարկում է տեղաշարժի թերթիկ չունենալու պատճառով 100 հազ. դրամի չափով տուգանված քաղաքացիների տուգանքը 10 հազ. դրամ դարձնելու հարցը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է հետադարձ ուժ տալ այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում» փոփոխությունների նախագծին։
Նախագծի համաձայն՝ ազատ տեղաշարժման սահմանափակումները խախտելու համար նախկինում սահմանված 100-250 հազար դրամը վերանայվել է և դարձել 10 հազար դրամ։ Ընդ որում, այս պահի դրությամբ գործում է ազատ տեղաշարժի մեկ սահմանափակում՝ բաց տարածքներում դիմակ ունենալու պահանջ։
ԲՀԿ-ն առաջարկում է նախագծի երկրորդ քննարկման ժամանակ ամրագրել, որ նախկինում տեղաշարժի թերթիկ չունենալու պատճառով տուգանված քաղաքացիների տուգանքի չափը ևս վերանայվի՝ սահմանվելով 10 հազար դրամ։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ընդգծեց, որ ինքը կողմ է երկրորդ ընթերցման մեջ ամրագրել տեղաշարժի թերթիկի բացակայության դեպքում տուգանված քաղաքացիներին ևս այս կարգավորումների մեջ հետադարձ ուժով ընդգրկելուն:
«Մենք ամբողջութամբ համաձայն ենք այդ առաջարկի հետ, որ պետք է հետադարձ ուժ կիրառել և այս օրենքի կարգավորումները կիրառել նաև հարյուր հազար տուգանքի վրա: Այդ անձինք պարտավորված կլինեն տասը հազար դրամ վճարել, եթե դեռ չեն վճարել», - ասաց փոխնախարարն՝ ավելացնելով.
«Պետք է հնարավորություն ունենալ պետբյուջեից գանձել այդ գումարը և հետ վերադարձնել քաղաքացուն։ Սա իմ տարբերակն է, կարող ենք քննարկել, եթե դուք ունեք տարբերակներ»։
Միևնույն ժամանակ, նախարարի տեղակալն ընդգծեց, որ հետադարձ ուժը չի վերաբերի մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտած քաղաքացիներին։