20/05/2020 12:45
Մեզանից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները որևէ կապ ունեն մաքսանենգության հետ. Արթուր Դանիելյան (Տեսանյութ)
Ինչպես ակնկալում էի, տեղի ունեցող գործընթացը իշխանությունների կողմից կազմակերպված հերթական կրկեսային ներկայացումն էր, ոստիկանության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։
«Տվյալ դեպքում այս աճպարարության հիմնական նպատակն էր հանրության վրա դնել վարչապետի՝ ուղտ լինելու ապացուցելու բեռը։ Փաստացի մենք ունենք փաստեր, որ կա կենդանի, որը շաբաթներ շարունակ կարող է քայլել անապատում, ունի կենդանուն բնորոշ բոլոր հատկությունները, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կենդանուն չեն տեսնում և պահանջում են, որ մարդիկ ապացուցեն, որ սենյակում կա ուղտ։ Տվյալ դեպքում մեզանից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները որևէ կապ ունեն այն մաքսանենգության հետ, որն առանձնահատուկ ցինիկությամբ կազմակերպվել է վերջին մի քանի ամսվա ընթացքում», - ասաց Արթուր Դանիելյանը։
Նա նշեց, թե խոսքը ծխախոտի և ադամանդների՝ ՌԴ ապօրինի ներմուծման մասին է։
«Ունենք ինքնաթիռներ, մաքսանենգ բեռ, բազմաթիվ հաղորդումներ դրա մասին, բայց չգիտես ինչու, իրավապահ մարմինները հարցաքննում են ոչ թե կարգո տերմինալի աշխատակիցներին, օդաչուներին, մաքսավորներին, այլ ֆեյսբուքյան այն օգտատերերին, ովքեր ֆիքսել են, որ դա տեղի է ունեցել», - ասաց Արթուր Դանիելյանը։
«Չգիտես ինչու մեզ հրավիրել են և փորձել են բացատրություն ստանալ։ Իհարկե, ոչ մի բացատրություն չեմ տվել, բայց իրավապահ մարմիններին խրախուսել եմ զբաղվել աշխատանքով, և եթե հանկարծ խնդիր ունենան այս քրեածին բուրգի բացահատելու հետ, այդ դեպքում դիմել համապատասխան մարդկանց, ովքեր դրա մասին գրառում են արել», - նշեց նա։
Նշենք, որ «Ադեկվադը» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին։
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամներից մոտավորապես 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։