20/05/2020 18:04
ԱՄՆ-ն պահանջել է Պարսից ծոցում իր ռազմանավերին 100 մետրից մոտ չգնալ
ԱՄՆ ՌԾՈՒ-ն սպառնացել է ուժ կիրառել Արաբական ծովում, Պարսից և Օմանի ծոցերում ամերիկյան ռազմանավերին 100մ-ից մոտ եկողների նկատմամբ:
Համապատասխան զգուշացմանը նախորդել են վերջերս տարածաշրջանում ամերիկյան և իրանական նավերի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերը: Հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ հետախուզական ազգային գործակալությունը:
«Վերջերս գրանցված իրադարձությունների հետ կապված՝ անվտանգության բարձրացման, անորոշությունը նվազագույնի հասցնելու և սխալ հաշվարկների հավանականությունը նվազեցնելու նպատակով, միջազգային ջրերում և նեղուցներում ԱՄՆ նավատորմի նավերից պետք է առնվազն 100 մետր հեռավորություն պահպանվի։ ԱՄՆ ՌԾՈՒ նավերին 100 մետրից մոտ գնացած ուժերը կարող են որպես սպառնալիք դիտարկվել, և դրանց նկատմամբ կարող են օրինական պաշտպանական միջոցներ ձեռնարկվել», - ասվում է հայտարարությունում:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի մամուլի ծառայությունն ապրիլի 15-ին տարածել էր հայտարարություն, որի համաձայն՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական մոտորանավերը վտանգավոր զորավարժություններ են անցկացրել Պարսից ծոցում ամերիկյան մի քանի ռազմանավերի մոտ:
Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրահանգել է ոչնչացնել ամերիկյան նավերի համար խոչընդոտ հանդիսացող իրանական ցանկացած մոտորանավ: