20/05/2020 15:08
Ադամանդի գործարանի 100-ից ավելի աշխատակից բողոքի ակցիա է իրականացնում․ Պարապուրդի փոխհատուցում չեն ստացել (Sputnik Արմենիա)
Դեռևս վեց ամիս առաջ Աբովյան քաղաքում բացված ADM ադամանդագործական ընկերության ավելի քան 100 աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։
Գործարանի բակում հավաքված աշխատակիցները «Sputnik Արմենիային» հայտնեցին, որ իրենք պետությունից աջակցություն չեն ստացել կորոնավիրուսի հետևանքով պարապուրդի համար։
«Երկու ամիս չենք աշխատել ու պիտի աջակցություն ստանայինք, քանի որ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտ ենք համարվում։ Մեր կողքի բոլոր գործարանների աշխատակիցները ստացել են աջակցություն։ Հիմա մեր գործարանի տնօրինությունն ասում է՝ պետությունը ձեզ գումար չի հատկացրել, կառավարությունից էլ ասում են՝ իրենց սխալ փաստաթղթեր են տրամադրել, հաշվապահությունն է մեղավոր», - ասաց նրանցից մեկը։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք հայտնվել են երկու քարի արանքում և չգիտեն՝ ում դիմել։