20/05/2020 21:08
Վանաձորի թատրոնը նոր տնօրեն ունի. Լուսինե Սահակյանը՝ թատրոնի նոր նախագծերի մասին
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է նույն թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը: Aysor.am-ի հետ զրույցում նորանշանակ տնօրենը նշեց՝ մրցույթը տեղի է ունեցել այսօր, բացի իրենից մրցույթին մասնակցում էր ևս 4 թեկնածու: Անուններ նշել հրաժարվեց՝ նկատելով, որ դա գործընկերային էթիկայի առումով այնքան էլ ճիշտ չի լինի:
Ի դեպ, այս մրցույթը պետք է կայանար դեռևս մարտ ամսին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում այն հնարավոր չէր իրականացնել, այդ պատճառով էլ ժամկետը հետաձգվեց: Հարցին՝ որքանո՞վ տուժեց այս ընթացքում թատրոնի աշխատանքը, Լուսինե Սահակյանը պատասխանեց.
«Կորոնա-ժամանակներում բնականոն ամեն ինչ է խաթարվել, բայց փորձում ենք համերաշխ ապրել վիրուսի հետ՝ առանց վիրուսի։ Հիմա, առավել քան երբևէ, պետք է մրցունակ լինել, պետք է ըստ արժանվույն ներկայանալ առցանց հարթակներում, և այն, ինչ տալիս ենք սպառողին, պետք է առաջին հերթին մենք դիտել կարողանանք հենց սպառողի դիրքերից։ Այսինքն՝ մենք ի՞նչ կուզենայինք ստանալ՝ որպես հանդիսատես»:
Անդրադառնալով թատրոնի հետայսու գործունեությանը՝ նորանշանակ տնօրենն ընդգծեց՝ առայժմ առցանց հարթակներում կաշխատեն, կվերսկսեն փորձերը: Առաջիկայում կօգտագործեն նաև թատրոնի հետնաբակի հնարավորությունները. երբ կթույլատրվի թատրոնների դռները բացել թեկուզ քիչ թվով հանդիսատեսի առջև, աբելյանցիներն իրենց հանդիսատեսին կհյուրընկալեն հենց հետնաբակում, որն ունի հրաշալի հնարավորություն՝ ցերեկային ներկայացումներ խաղալու համար։
Վանաձորի թատրոնը նորություններ է պատրաստում նաև մոնոներկայացումների սիրահարների համար: Հետաքրքիր նախագծեր կան, սակայն դրանք առայժմ քննարկման փուլում են:
«Նորություններ, կարծում եմ, կլինեն նաև առցանց տիրույթում, հատկապես որ առկա է դիմանկարի բացակայություն. շարքային քաղաքացին հաճախ կարող է չճանաչել իր կողքին ապրող, ստեղծագործող մարդուն: Ըստ իս՝ պետք է առավել ճանաչելի դարձնել մեր արվեստագետներին», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Լուսինե Սահակյանը: