20/05/2020 23:40
Կորոնավիրուսով հիվանդների մեծ թի՞վ, թե՞ ցնցումներ ֆինանսատնտեսական շուկայում. ընտրության հարցը՝ ըստ Փաշինյանի
Այս շրջանում հաճախ է խոսվում, քննարկվում և Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված վիճակը համեմատության մեջ դրվում մի շարք այլ երկրների հետ ու զուգահեռներ անցկացվում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Դա, իհարկե, հասկանալի համեմատություն է, բայց ուզում եմ ասել, որ համեմատություն անելիս պետք է ելնել և դիտարկել ամբողջական պատկերը: Ի սկզբանե մեր մարտավարությունը եղել է հետևյալը. միջոցառումներն իրականացնել այնպես, որ դրանք լինեն մաքսիմալ հավասարակշռված՝ տնտեսական ճգնաժամի կառավարման տեսակետից, առողջապահական ճգնաժամի կառավարման տեսակետից և սոցիալական ճգնաժամի կառավարման տեսակետից: Եվ այս առումով ես կարևոր եմ համարում արձանագրել, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի ընթացքում մեզ հաջողվել է պահել գնաճի, ըստ էության, մինիմալ շեմ, մեր ֆինանսական շուկան ցնցումների չի ենթարկվել: Սա ասում եմ արձանագրելու համար, որ այո՛, կան երկրներ, որտեղ զուտ համավարակի թվային տրամաբանության իմաստով շատ ավելի լավ իրավիճակ է, բայց մյուս կողմից կա պլանավորվածը մի քանի անգամ գերազանցող գնաճ, ցնցումներ են արձանագրվում ֆինանսատնտեսական շուկայում: Եվ, ընդհանուր առմամբ, գնահատման և ընտրության հարց է, թե որ խնդրի լուծումն է առաջնահերթ», - հայտարարել է Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք մեր մարտավարությունը և պետք է տնտեսական խնդիրը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ամենևին չթերագնահատենք ի հակադրություն առողջապահական խնդիրների: Բայց մյուս կողմից առողջապահական խնդրի չլուծումը և սրացումը կարող է իր հերթին ավելի խորացնել տնտեսական խնդիրները և ավելի դժվարացնել դրանց լուծումը», - նշել է գործադիրի ղեկավարը: