20/05/2020 23:45
Ժամանակն է, որ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին. Փաշինյան
Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և առավել ևս դրանց կիրառման որակը և ծավալը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ասել է, որ խոսքը, «ընդ որում, ոչ այնքան բովանդակային սրբագրումների մասին է, որովհետև, ըստ էության, բովանդակային առումով բոլոր երկրները կիրառում են նույն կարգի միջոցառումներ, չնայած ես չեմ բացառում, որ մենք կարող ենք քննարկել նաև այդպիսի հարց»:
«Ավելի շատ պետք է հասկանանք, թե ինչպես ենք առավել արդյունավետ դարձնում կորոնավիրուսի դեմ այն պայքարը, որը մեր համոզմամբ ամենաարդյունավետն է, խոսքը՝ ապակենտրոն և ապակենտրոնացված պայքարի մասին է, երբ հնարավորինս շատ ուժեր և քաղաքացիներ ներգրավված լինեն անհատական պատասխանատվության մակարդակում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պարետատան մարտավարությունը և ռազմավարությունը ընդհանուր առմամբ եղել է հետևյալը՝ կորոնավիրուսի առկայությամբ սովորել ապրել բնականոն կյանքով, կամ շատ թե քիչ բնականոն կյանքով, կամ հնարավոր ամենաբնականոն կյանքով:
«Բայց, բնականաբար, սա ասելով նկատի ենք ունենում կարողանալ իրավիճակը կառավարել այնպես, որ սահմանափակումներից ետ քայլ անելուց հետո կրկին անհրաժեշտություն չլինի վերադառնալ նախկինում կիրառված սահմանափակումներին: Եվ այսօրվա մեր արձանագրումը հենց այդ է, որ, ցավոք սրտի, մենք վստահ չենք, որ առկա տեմպը պահպանվելու դեպքում կկարողանանք պահել այս մարտավարությունը: Բայց մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ հենց դա՝ սովորել, շարունակել սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ», - նշել է Նիկոլ Փաշինյանը: