21/05/2020 15:21
Արցախում նախատեսում ենք սահմանադրական փոփոխություններ. Գագիկ Բաղունց
Քարոզարշավի ժամանակ մենք հստակ ներկայացրել ենք «Միասնական հայրենիք» կուսակցության ծրագրային դրույթները և մեր գործունեության ընթացքում առաջնորդվելու ենք այդ ծրագրային դրույթներով: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նորընտիր խորհրդարանի փոխխոսնակ, «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Գագիկ Բաղունցը:
«Մենք նախատեսում ենք սահմանադրական փոփոխություններ և եթե հակիրճ ասեմ, ապա մենք անցնելու ենք մարդակենտրոն քաղաքականության, այսինքն՝ յուրաքանչյուր պարագայում, յուրաքանչյուր ծրագրի իրականցման արդյունքում մենք կտեսնենք քաղաքացու կենսամակարդակի բարձրացում», - նշեց Գ. Բաղունցը:
Նրա խոսքով՝ կուսակցությունը կարևորում է բոլոր ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ դատաիրավական համակարգից մինչև տնտեսական դաշտ:
«Բոլոր բնագավառներում մենք ունենք կոնկրետ մոտեցումներ, որոնք ընթացում վերջնական տեսք կստանան և մենք կփորձենք մեր քաղաքական կշռին համապատասխան իրականացնել այդ ծրագրերը», - ընդգծեց Արցախի ԱԺ փոխխոսնակը:
Բաղունցն ավելացրեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ այս օրերին ընթացող խորհրդակցությունների ավարտից հետո կպատրաստեն հուշագիր և կներկայացնեն հանրությանը: