21/05/2020 13:51
Անփոխարինելի մարդիկ չկան, սակայն կարևոր է ինստիտուցիոնալ խնդիրների լուծումը. Թևան Պողոսյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարության մասին
Քաղաքական պայքար է տեղի ունենում, և կողմերը քաղաքական պայքարի մեջ ազատ են իրենց առաջարկներն անել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը:
«Մեկն ասում է՝ վարչապետին պետք է հանել, մյուսն ասում է՝ այլ կառավարություն ձևավորել, երրորդն ասում է՝ առկա են խնդիրներ: Բայց երբ ասում ենք՝ եկեք այսինչ բանը փոխենք, գաղափարը հետևյալը պետք է լինի. որևէ նոր բան առաջարկելիս՝ մենք պետք է հասկանանք՝ այս սցենարներով ավելի՞ լավ տեղ ենք գնալու, թե միգուցե կրկին սխալվելու ենք:
Իրականության մեջ Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառման տեքստում առաջարկներ տեսա, բայց չտեսա մինչև վերջ գնալու խնդիրը: Այո, փոփոխությունները կարող են նոր ընտրություններով լինել, կամ ԱԺ մեծամասնությունն ինքը գործընթաց նախաձեռնի, բայց, նորից եմ կրկնում, ամեն ինչ հանգում է նրան՝ արդյոք կներկայացվի, թե ինչ ձևով է իրականացվելու այդ նորը: Չէ՞ որ սա պրոցես է, որը սահմանադրական նորմերով պետք է իրականացվի՝ նոր դեմքի գալը, 20 օրվա ընթացքում նոր կառավարության ձևավորում, հաջորդ 20 օրում կառավարության ծրագրի ներկայացում և այլն: Այս ամենն ինչպե՞ս է տեղի ունենալու», - հարց հնչեցրեց մեր զրուցակիցը:
Թևան Պողոսյանն ընդգծեց՝ ինքը մեկ անգամ չի կրկնել, որ Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական կոնսենսուսի, բանակցային սեղանի ձևավորում, երբ քաղաքական բոլոր ուժերը կնստեն այդ սեղանի շուրջ և կքննարկեն առկա բոլոր կարմիր գծերը:
Հարցին՝ գործող իշխանությունն այսօր պատրա՞ստ է նստել բանակցային սեղանի շուրջ և խոսել իր ընդդիմախոսների հետ, ՀՀ նախագահի օգնականը պատասխանեց՝ այդ հարցը հենց իշխանությանը պետք է ուղղել:
«Ես այս մասին ասել եմ դեռ 2018 թվականի հունիսից: Ինձ համար ամենաճիշտ մոտեցումը կլինի այն, որ բոլորը միասին քաղաքական կոնսենսուս ձևավորեն, որոշեն ապագա սցենարներ՝ պահպանելով միասնականությունը», - նշեց Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ գործող վարչապետին պաշտոնից հեռացնելու դիտարկմանը՝ մեր զրուցակիցը նկատեց՝ իրականում անփոխարինելի մարդիկ չկան:
«Բայց վստա՞հ ենք, որ նոր անձը երկու ամսից նույն վիճակին չի տանելու: Այստեղ պետք է լինի քաղաքական ուժերի միասնական, կոնսենսուսային քայլերի ձևավորում: Մարդ փոխելով չէ, որ ինչ-որ բան է փոխվում: Մենք պետք է ինստիտուցիոնալ խնդիրների լուծումը ճիշտ որոշենք, ոչ թե մարդ փոխենք: Մարդիկ միշտ գալու և գնալու են: Ուշ թե շուտ ունենալու ենք այլ տեսակի իշխանություն՝ կլինի 10 կամ 15 տարի հետո: Խնդիրն այն է, որ հարցերը պետք է լուծել միասնական», - ասաց Պողոսյանը։