21/05/2020 09:35
«Փաստ». Մինչև նստաշրջանի ավարտը ԼՀԿ-ն կբոյկոտի ԱԺ նիստերը
«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը։ Այդ միջադեպից հետո տեղի ունեցավ ԱԺ հերթական քառօրյան, որին ԼՀԿ-ն դարձյալ չմասնակցեց. նրանք բոյկոտեցին նաև մի քանի արտահերթ նիստ։
Տեղի ունեցած զարգացումների հետ կապված «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, համաձայն որոնց, մինչև նստաշրջանի ավարտը, որը կտևի, մոտավորապես, մինչև հուլիսի առաջին տասնօրյակը (օրենքով սահմանված կարգի համաձայն՝ մինչև հունիսի 18-ը), խմբակցությունը կշարունակի իր բոյկոտը և չի ներկայանա նիստերի դահլիճ»:
Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին: «Նիստերին մասնակցության հետ կապված՝ մենք դեռ որևէ որոշում չունենք», - ասել է պատգամավորը: