21/05/2020 19:28
Մեծ Բրիտանիայում նշել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության մեկնարկի ժամկետը
Բրիտանական «AstraZeneca» դեղագործական ընկերությունն ակնկալում է COVID-19 դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսել սեպտեմբերին, եթե թեստերը հաջող լինեն: Դրանք այս պահին մշակվում են Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ:
«Ընկերությունը կնքեց առնվազն 400 միլիոն չափաբաժին մատակարարելու առաջին պայմանագրերը: Առաջին մատակարարումները կսկսեն 2020 թվականի սեպտեմբերին», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության կառավարություններին՝ պատվաստանյութի մշակումը և արտադրությունն արագացնելու հարցում ցուցաբերած զգալի աջակցության համար: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագորեն ստեղծենք պատվաստանյութը և այն լայնորեն հասանելի դարձնենք», - ասվում է «AstraZeneca»-ի ղեկավար Պասկալ Սորիոյի հաղորդագրության մեջ:
Ընկերությունը պատվաստանյութ ստեղծելու համար ԱՄՆ կառավարությունից ստացել է ավելի քան մեկ միլիարդ դոլար: