21/05/2020 11:51
Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը վարչապետը որակեց պատմության մեջ աննախադեպ
Գործադիրը հաստատեց ՀՀ կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս նախագիծը շրջադարձային ու աննախադեպ է պատմության մեջ։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, թե ծրագրի առաջնային նպատակն է խթանել մասնավոր ներդրումների աճը:
Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն առնվազն հետևյալ պայմանները՝ մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում Ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարին և առավելագույնը 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք՝
ա. Ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից: Ընդ որում, մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով: Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով.
բ. Ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակ կստանա առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ։