22/05/2020 16:49
Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել. Արսեն Թորոսյան
Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչև օրս, այսօր կայացած առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Վրաստանի առողջապահական համակարգը, հատկապես՝ հակահամաճարակային համակարգը, էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմաստով: Կա մեթոդաբանության տարբերություն, այդ թվում՝ այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես: Կա մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք Վրաստանում հաշվարկում են որպես թեստ: Ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ և, անկեղծ ասած, չեմ համարում առաջնային նպատակ, բայց հնարավոր է, որ օրինակ՝ Վրաստանի արած 40 հազար թետերը ՊՇՌ թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն», - նշեց նախարարը:
Արսեն Թորոսյանի հարց հնչեցրեց՝ արդյոք Վրաստանում սուր շնչառական վարակներ ունեցող քաղաքացիները, որոնք, հնարավոր է, ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց շատ թեթև են տարել այն, ընդհնարապես թեստավորվել են:
«Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Դա մեր խնդիրը չէ: Նույնը վերաբերում է նաև մահվան դեպքերին: Արդյոք թոքաբորբով մահվան դեպքը, եթե առկա է նաև կորոնավիրուս, համարվում է կորոնավիրուսից մահվան դեպք, թե ոչ: Մեզ մոտ համարվում է միանշանակ: Թափանցիկության նման համակարգ, ինչպես մեզ մոտ է, ես այլ երկրում չգիտեմ»,- ասաց նա:
Թորոսյանը միաժամանակ հարցականի տակ դրեց տուրիստական սեզոնից հետո հնարավոր բարվոք իրավիճակը, որը կարող է հաստատվել հարևան երկրում:
Հիշեցնենք, որ Վրաստանում մայիսի 22-ին կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 2 մարդու մոտ, երկրում COVID-19-ով վարակվել է 723 մարդ։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մայիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 322-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5928-ի: Ապաքինվել է 2874 մարդ, այս պահին բուժվում է 2952-ը:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 102 դեպք, որից այլ պատճառներով՝ 28 մահ։ Մեկ օրում մահացել է 5 մարդ։