22/05/2020 13:13
Միքայել Միանասյանը քաղաքական մեծամասնությանն առաջարկում է գտնվել քաղաքական պատասխանատվության բարձրության վրա և անհրաժեշտ որոշում կայացնել. Խոսրով Հարությունյան
Կառավարությանը չի հաջողվել արդյունավետ կերպով դիմագրավել կորոնավիրուսին և վարակի հնարավոր սպառնալիքներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը:
«Անգործության կամ ոչ պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում կառավարությանը չի հաջողվել սանձել կորոնավիրուսը: Եթե ի սկզբանե չունենայինք այնպիսի մոտեցում, որ իշխանությունները և հատկապես առողջապահության նախարարն ու վարչապետը հայտարարում էին՝ Հայաստան ժամանողներին մեկուսացնելու կարիք չկա, իրավիճակն այսպիսին չէր լինի: Կառավարությունը հենց սկզբից պետք է հասկանար, թե որքան բարդ է դիմագրավել այս խնդրին: Այդ դեպքում, գուցե, այս վիճակի մեջ չընկնեինք», - ասաց մեր զրուցակիցը:
Խոսրով Հարությունյանը նշեց՝ լսելով վարչապետի վերջին ելույթները՝ ակներև է, որ նա մտահոգված է ստեղծված իրավիճակով, բայց արդեն ուշ է մտահոգվելու համար:
«Իր գրառման մեջ խոսելով վարչապետին պաշտոնից մեկուսացնելու մասին՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասում է, որ գործող իշխանությունը չունի ոչ միայն կորանավիրուսի առողջապահական, այլև տնտեսական հետևանքները չեզոքացնելու կարողություն, ռազմավարություն և մարտավարություն:
Այսօրվա կառավարույթունը վաղուց արդեն ապացուցել է, որ պրոֆեսիոնալիզմ և հմտություններ չունի: Միքայել Մինասյանի մտահոգությունները պայմանավորված են տնտեսությունը փրկելու անհրաժեշտությամբ: Դրա համար է նա ասում, որ քաղաքական մեծամասնությունը պետք է գիտակցի իր պատմական առաքելությունը և որոշում կայացնի՝ փոխելու վարչապետին», - նշեց Խոսրով Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ կառավարությունը չի կարողացել բռնել ժամանակի և պատմության քննությունը, և սրա պատասխանատվությունը կրում է ԱԺ քաղաքական մեծամասնությունը:
«Դա է պատճառը, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը քաղաքական մեծամասնությանն առաջարկում է գտնվել քաղաքական պատասխանատվության բարձրության վրա և անհրաժեշտ որոշումներ կայացնել», - ասաց քաղաքական գործիչը։