22/05/2020 13:48
Հայաստանի արձագանքն Ադրբեջանին չափազանց դիվանագիտական է. Փորձագետ
Հայաստանի ԱԳՆ արձագանքը համազոր չէ Ադրբեջանի ԱԳՆ ռազմատենչ հայտարարությանը՝ Շիշիում այսօր տեղի ունեցող Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության կապակցությամբ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Երեկ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը որակապես տարբերվում էր մինչ այդ Ադրեբեջանից հնչող հայտարարություններից՝ իր ագրեսիվությամբ: Եթե Բաքուն վերջին շրջանում հաճախ պնդում, որ «ուժով իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավունքի» մասին, ապա այժմ հիշեցնում է, որ պատերազմն ավարտված չէ և վստահեցնում է, որ վերջ է դնելու «օկուպացիային»», - նշել է նա:
Փորձագետն ընդգծում է, որ սա պարզապես հայտարարություն չէ: «Սա հետևողականորեն տարվող քաղաքականության մաս է: Մի կողմից՝ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում նրա վրա, որ Հայաստանն իբրև թե տապալում է բանակցային գործընթացը, այն փակուղի է մտցնում, մյուս կողմից՝ ուժեղացնում է ռազմատենչ հռետորաբանությունը: Այսինքն, ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձին զուգահեռ հող է պատրաստում իր նոր հնարավոր սադրանքի համար», - կարծում է նա:
Կարապետյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է շատ ավելի կոշտ արձագանքեր Բաքվի այս քայլերին:
«Պետք է արձագանքը լիներ կոշտ՝ ընդգծող հնարավոր զարգացումների պարագայում թե՛ Ադրբեջանի, թե՛ միջնորդների և միջազգային հանրության պատասխանատվությունը: Պետք չէ մոռանալ, որ այսօր ԵԱՀԿ-ն դադարեցրել է զինադադարի մշտադիտարկումը, իսկ Բաքուն ակտիվ հարձակողական զորավարժություններ է անցկացնում: Մենք պետք է դուրս գանք արդարանալու, մեր կառուցողականությունն անուղղակի ապացուցելու քաղաքականությունից, աշխատենք միջնորդների, Անջեյ Կասպրշիկի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ: Զուգահեռ, պետք է բարձրացնենք հանրության զգոնությունը», - ասել է նա:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենի դիտարկմամբ Հայաստանի ներկայիս իշխանությունները ձեռագիր են դարձրել Ադրբեջանի բավական խնդրահարույց քայլերը չնկատելը կամ դրանց իմիջայլոց վերաբերվելը, ինչը վտանգավոր է և նպաստավոր է Ադրբեջանի համար:
Կարապետյանն ուշադրություն է հրավիրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարության այն ձևակերպման վրա, որ Ադրբեջանի պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը վնասում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար:
«Վերջին շրջանում մշտապես Ադրբեջանն է ընդգծում բովանդակային հարցերի քննարկման անցնելու անհրաժեշտությունը, Հայաստանն այս քայլով կարծես Ադրբեջանի՝ ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը նախապայման է դարձնում այդ բովանդակային քննարկումների համար: Սա հետաքրքիր քայլ է, սակայն բավարար չէ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար», - նշել է նա: