22/05/2020 13:20
Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը բանկային համակարգի ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության ընդլայնմանը և տնտեսության խթանմանը վերաբերող հարցեր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպում են ունեցել ՀՀ և ԱՀ բանկային համակարգերի ներկայացուցիչների հետ` Կենտրոնական բանկերի ղեկավարների գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին այս ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: «Ցանկալի է ոչ թե շարունակել, այլ ավելի ակտիվացնել համագործակցությունը, քանի որ առաջիկայում նախատեսում ենք զարգացման շատ ավելի մեծ տեմպեր ապահովել, իսկ միայն երկու կառավարությունների ֆինանսական միջոցները թույլ չեն տա դա անել: Պետք է լինելու ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնել»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
«Շնորհակալ եմ հարգելի պարոն նախագահ: Շատ կարևոր է արձանագրել, որ վերջին 10 տարվա ընթացքում Արցախում բանկային համակարգի բավականին լուրջ զարգացում է արձանագրվել, որն էական նշանակություն է ունեցել Արցախի տնտեսական հաջողությունների համար: Տնտեսական այն հավակնությունները, որ ունենք համատեղ, հնարավոր չի լինի իրագործել, եթե այդ բովանդակությունն ընկալված չլինի բանկային համակարգի կողմից: Ինչ որ առումով այդ բովանդակությունը պետք է համատեղ ձևավորվի: Հակաճգնաժամային այս ժամանակաշրջանում նաև դրա փորձը կիրառում ենք, երբ կառավարության, բանկային համակարգի ու խորհրդարանի ներկայացուցիչները մի սեղանի շուրջ նստած քննարկում են գյուղատնտեսության զարգացման, ճգնաժամը հաղթահարելու, սոցիալական խնդիրները լուծելու հարցեր: Սա իսկապես արդյունավետ կարող է լինել և սա պետք է դիտարկել ոչ թե առանձին վերցրած հանդիպում, այլ խոսակցություն, որն անընդհատ պետք է շարունակվի»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Այնուհետև հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսական, բանկային համակարգերի համագործակցության ընդլայնմանը, Արցախում հայաստանյան բանկերի գործունեության խթանմանը, բիզնես ծրագրերի ֆինանսանավորման ակտիվացմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում` գյուղատնտեսության, ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր:
Բանկային համակարգի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ականջալուր լինել Հայաստանի և Արցախի կառավարությունների նախաձեռնություններին և առավել ընդլայնված կերպով ներգրավվել ծրագրերի իրականացմանը` շուկայի համար ապահովելով ավելի մեծ ու ցածր տոկոսադրույքներով միջոցներ: