22/05/2020 15:06
Թրամփը սահմանափակումներ չի մտցնի կորոնավիրուսի պանդեմիայի երկրորդ ալիքի դեպքում
ԱՄՆ իշխանությունները խիստ սահմանափակումներ չեն մտցնի, եթե աշնանը տեղի ունենա նոր կորոնավիրուսի պանդեմիայի երկրորդ ալիք: Երկրի նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին պատմել է Միչիգանում լրագրողների հարցերին պատասխանելիս, փոխանցում է «The Hill»-ը:
«Ասում են՝ հիվանդության երկրորդ ալիքի բռնկումը կարող է տեղի ունենալ շատ մեծ հավանականությամբ: Սա ստանդարտ է: Մենք պատրաստվում ենք մարել կրակը», - նշել է Թրամփը՝ պատասխանելով հիվանդության երկրորդ ալիքի պատճառով մտահոգությանն առնչվող հարցին:
Նա վստահություն է հայտնել վարակի ապագա բռնկումները զսպելու երկրի ունակության վերաբերյալ:
«Լինեն դրանք թեթև այրվող ածուխներ, թե ուժեղ կրակ, մենք այն կմարենք, բայց մեր երկիրը չենք փակի», - նշել է նա:
Ամերիկյան 50 նահանգներն այս շաբաթ հայտարարել են սահմանափակող միջոցառումների մեղմացման պատրաստակամության մասին:
Որոշ ձեռնարկությունների թույլ են տվել գործունեությունը վերսկսել այն նպատակով, որ մարդիկ կարողանան աշխատանքի վերադառնալ: Որոշումն ընդունվել է՝ չնայած Արիզոնայում, Հյուսիսային Կարոլինայում, Տեխասում հիվանդությունների թվի աճին: