22/05/2020 18:14
Շառլ Ազնավուրը կդառնար 96 տարեկան. առցանց միջոցառումներ՝ նվիրված մեծն շանսոնյեյին
2020 թվականի մայիսի 22-ին աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը կդառնար 96 տարեկան, սակայն արդեն 2 տարի աշխարհը սիրելի շանոնյեյի տարեդարձը նշում է առանց նրա ֆիզիկական ներկայության:
Մշակութային բազմաթիվ հաստատություններ ու նախաձեռնություններ մայիսի 22-ը ազնավուրական են դարձնում. այսօր ֆեյսբուքյան տիրույթում համացանցային համերգ է նախաձեռնել «Ազնավուր» հիմնադրամը: Այն տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:
«Բոլորիդ հրավիրում ենք միասին նշելու Շառլ Ազնավուրի տարեդարձը։ Միացեք մեր վիրտուալ տոնակատարություն-համերգին, որի ընթացքում բոլոր սերունդների տարբեր արտիստներ կատարելու են Շառլ Ազնավուրի երգերը։ Գունավորեք ձեր երեկոն Ազնավուրի արվեստով՝ միանալով նրա տոնին», - նշված է հիմնադրամի գրառման մեջ:
Ժամը 20։00-ին էլ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է անակնկալ պատրաստել. Թատրոնի ֆեյսբուքի էջում 24 ժամ հասանելի կլինի Շառլ Ազնավուրին նվիրված «Լա բոհեմ» բալետային ներկայացումը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 29-ին, ներկա է եղել նաև շանսոնյեն:
Համերգի ընթացքում հնչած երաժշտությունը Շառլ Ազնավուրինն է, ներկայացման սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆը Ռուդոլֆ Խառատյան է, Ժան Շարլի դերում հանդես է գալիս Գարեգին Բաբելյանը, Սյուզետի դերում՝ Տաթևիկ Գրիգորյանը:
Կեսգիշերից #քաղաքնԱզնավուրէլսում ֆլեշմոբ է սկսել TM փրոդաքշնը՝ խորհուրդ տալով, որ ամենուր՝ համացանցում, սրճարաներում ու տրանսպորտային միջոցներում հնչեն Ազնավուրի երգերը:
Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, կամ նույն ինքը՝ Շառլ Ազնավուրը, ծնվել է 1924 թվականի մայիսի 24-ին՝ Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:
Սկսած 1940 թվականից՝ ձայնագրել է մոտ 1200 երգ՝ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, նեապոլիտաներեն: Հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն՝ իր և այլ երաժիշտների համար։
1995 թվականից սկսած՝ բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում նա ներկայացրել է Հայաստանը:
2008 թվականից նա նաև Հայաստանի քաղաքացի էր, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Ունի 5 զավակ՝ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին: