22/05/2020 19:39
Կառավարությունում տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Նիստում ներկայացվել է տեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընթացիկ դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի, թեստավորման ծավալների վերաբերյալ:
Առաջիկա անելիքների համատեքստում քննարկման առարկա են դարձել անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը և ինքնամեկուսացման նկատմամբ հսկողության մեխանիզմները: Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ կորոնավիրուսի տարածման շղթաների վերահսկելիությանը, համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին, տեսչական ստուգումների արդյունքներին, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցների կիրառմանը: Արծարծվել են նաև համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, առողջապահական համակարգի հագեցվածության և ծանրաբեռնվածությանն առնչվող հարցեր:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղությամբ վերահսկողական աշխատանքները: