23/05/2020 10:05
«Ժողովուրդ». Մխիթար Հայրապետյանը կրկին հնարավոր է ՝ հայտնվի գործադիրում
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն առաջիկայում կարող է տեղափոխվել գործադիր մարմին:
Ըստ տեղեկությունների՝ Հայրապետյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, թե օրենսդիր մարմինն իր համար չէ, որևէ գործ չի կարողանում անել խորհրդրանում, դրա համար էլ նա ցանկանում է տեղափոխվել կառավարություն, որտեղ կկարողանա ավելի լավ ինքնադրսևորվել:
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 22-ին հրապարակումներ եղան, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ միջադեպ է եղել Մխիթար Հայրապետյանի և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի միջև։ Տեղեկությունների համաձայն՝ Հայրապետյանը նիստի ժամանակ դժգոհել էր Հարությունյանի գործունեությունից, հայտնել, որ այսպես շարունակվելու դեպքում ինքն իր մանդատը վայր կդնի։ Նա դժգոհ է կրթության բարեփոխումների ընթացքից։
Ըստ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է Հայրապետյանին սպասել, մինչև լուծում գտնի: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե Հայրապետյանը գործադիրում ինչ պաշտոնի է տեղափոխվում, սակայն նրա օգնականը հայտարարել է, թե նման բան չկա: