23/05/2020 20:30
Հյուրանոցներից հանում են մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին՝ հորդորելով մեկուսանալ իրենց նախընտրած վայրերում. Ահազանգ
Aysor.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել քաղաքացուց, որ հյուրանոցներից հանում են մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին։
«Մեզ հանել են հյուրանոցից, պատճառաբանում են, թե էլ չեն կարող պահել ու էսօր բերել, իջացրել են հրապարակում։ Ասում են մեկուսացեք՝ որտեղ կարող եք», - ասաց ահազանգող քաղաքացին։
Զանգահարել ենք Ծաղկաձորում գործող մի քանի հյուրանոց՝ տեղեկանալու, թե ինչ իրավիճակ է այնտեղ։
Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցից ասացին, որ այս պահին իրենց մոտ գտնվող բոլոր քաղաքացիները տեղափոխվում են իրենց ընտրությամբ մեկուսացման վայր։
««Ռոսիայում» գտնվող մեկուսացվածների մոտ այս պահին որևէ ախտանիշ չկա, և պարետի որոշման համաձայն քաղաքացիները տեղափոխվում են իրենց ընտրությամբ մեկուսացման վայր», - ասացին հյուրանոցից։
«Ալիք» հյուրանոցից ասացին, որ կորոնավիրուսով վարակվածների կամ մեկուսացման մեջ գտնվողների արտակարգ դրության ընթացքում չեն ընդունել։
«Սպասում ենք վիճակը լավանա, որ դիմավորենք մեր հանգստացողներին» , - ասացին հյուրանոցից։
«Էլեգանտ» հյուրանոցը շուրջ 2 ամիս է՝ փակ է, չի աշխատում։
«Կեչառիս» հյուրանոցային համալիրը ևս չի ծառայել մեկուսացման մեջ գտնվողների համար։
Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ոչ մի մեկուսացված անձ չի եղել։
«Հյուրանոցը մի որոշ ժամանակ չի աշխատել, փակ է եղել, մայիսի 15-ից արդեն սկսել է աշխատանքը» , - ասացին «Մարիոթ» հյուրանոցից։
«Արարատ Ռեզորթ»-ում ևս մեկուսացվածներ չկան։ Հյուրանոցը չի աշխատում այս պահին։