24/05/2020 18:09
Հիվանդանոցում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը. ճշտվում է՝ արդյոք մահվան պատճառը կորոնավիրուսն է
Մայիսի 24-ին 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը: Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:
Հարցին՝ ի՞նչ առողջական խնդիրներ ուներ, և ի՞նչն է հանդիսացել 61-ամյա դերասանուհու մահվան պատճառ՝ տնօրենը նշեց.
«Մահվան մասին տեղեկությունը ստացել եմ կես ժամ առաջ: Տևական ժամանակ էր՝ առողջական խնդիրներ ուներ՝ սրտային, թոքային անբավարարություն, նաև՝ շաքարային դիաբետ: Վերջին մի քանի օրերին վիճակն առավել է վատացել ու հարազատները (դերասանուհին զավակներ չուներ, ապրում էր միայնակ) հիվանդանոց են տեղափոխել: Հիվանդանոցում էլ մահացել է»:
Կարո Շահբազյանից տեղեկացանք, որ ներկա պահին ստուգվում է՝ մահվան պատճառը կորոնավիրո՞ւսն է, թե՞ ոչ: Պատասխանը պատրաստ կլինի վաղը:
Կարինա Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին, Երևանում: 1988 թվականից աշխատում էր Պարոնյան թատրոնում:
Հանրությունը դերասանուհուն ծանոթ է նաև մի շարք ֆիլմերից և հեռուստասերիալներից. Խաղացել է «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմում, «Մեր բակը 4»-ում: «Վերվարածները» հեռուստասերիալում մարմնավորում էր Ֆլորային: