24/05/2020 23:32
Մայիսի 25-ից հունիսի 3-ը Սևանում կարգելվի անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը
Պարետը նոր որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները.
ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրելով Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.
2. Սահմանել Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:
3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը: