25/05/2020 11:38
ԱԱԾ-ից կրկին հերքում են՝ Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել վարչապետին
Ազգային անվտանգության ծառայությունից կրկին պնդում են՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել։
«Հրապարակումը, թե Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրականությանը չի համապատասխանում», - Aysor.am-ին հայնտեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք՝ մամուլում պարբերաբար հրապարակվում է տեղեկություն, որ ԱԱԾ տնօրենը թողնելու է պաշտոնը։
Այսօր 168.am-ը գրել էր, որ դեռևս մինչև Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մեկնելը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ այսօր չի ստորագրվել:
Ըստ կայքի հրապարակման՝ ԱԱԾ տնօրենի համբերության բաժակը լցվելուն նպաստել է ինչպես Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի` ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակվելու փաստը, այնպես էլ այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափից առավել է միջամտում ուժային այդ գերկարևոր կառույցի աշխատանքներին, տալիս այնպիսի հանձնարարականներ, որոնց կատարումն, ըստ երևույթին, այլևս անհնարին է ողջ կյանքն ԱԱԾ-ում անցկացրած ու սպայական ուսադիրներ կրող ծառայողների համար: