25/05/2020 15:19
Բռունցքներով կգան, թե թիկունքից կխփեն, մենք առաջ ենք տանելու մեր օրակարգը. Էդմոն Մարուքյան
Մինչ այս պահը չենք ներկայացել ԱԺ նիստերին: Հիմա ուզում եմ արձանագրենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած բռնությունից հետո մենք քաղաքական գնահատական էինք ակնկալում, ինչը չտրվեց, ավելին՝ քննադատական խոսքը գնահատվեց որպես սադրանք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Նաև լեգիտամացվեց սադրանքը, և կարող ենք արձանագրել, որ իշխանությունն ամբողջությամբ շեղված է հեղափոխության արժեքներից, ընդդիմախոսության հարգանքից: Սա արդեն իրողություն է, արձանագրված փաստ», - ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով իր և իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև հայտնի միջադեպի իրավական կողմին՝ նա նշեց, որ իրենք կանչվել են բացատրությունների, իսկ վերջում հայտարրավել է, որ քրեական գործի հարուցումը մերժվում է:
«Մենք արձանագրում ենք, որ ընդդիմադիր խոսքը պիտակավորվում է որպես սադրանք, արդարացվում է մարդուն հետևից հարվածելը: Իրավական պրոցեդուրաները չեն գնում իրավունքի գերակայության համատեքստում: Եթե ընդդիմությունն է բռնության ենթարկվել, դա, ստացվում է, խնդիր չէ: Այլ բան կլիներ, եթե դա տեղի ունենար իշխանության ներկայացուցչի հետ: Հիմա մենք գործ ունենք բռնությունն արդարացնողների հետ: Սրանք արձանագրումներ են, որոնք մենք արել ենք այս ընդմիջման ընթացքում», - նշեց խմբակցության ղեկավարը:
Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ որևէ մեկը թող պատրանք չունենա, թե ճնշումներ գործադրելով՝ կարող է շեղել ԼՀԿ-ի քաղաքական օրակարգը:
«Մեր ձայնը ոչ ոք չի իջեցնելու, սա խոր մոլորություն է: Վստահեցնում եմ, որ մենք երբեք չենք ստորադասելու քաղաքացու շահը, մենք մեր ջանքերն ուղղելու ենք ավելի հզոր, ժողովրդավարական երկիր ունենալուն: Մենք թույլ չենք տալու, որ երկիրը հետ գնա, մենք դատապարտված ենք գնալ առաջ: Բռունցքներով կգան, թե թիկունքից կխփեն, մենք առաջ ենք տանելու մեր օրակարգը», - ասաց նա: