25/05/2020 16:00
Կարինե Բուռնազյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս. դերասանուհին մահացել է 61 տարեկան հասակում
Երեկ կյանքից հեռացած Կարինե Բուռնազյանի թեստի պատասխանն արդեն պատրաստ է, դերասանուհու մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:
«Ինչպես արդեն ձեզ ասել էի՝ նա տարբեր հիվանդություններ ուներ, մի քանի օր առաջ վիճակն ավելի էր բարդացել, տեղափոխել էին հիվանդանոց: Մահանալուց հետո նրանից փորձանմուշ էին վերցրել, պարզվեց, որ կորոնավիրուս ունի: Հավանաբար, այդ վիրուսը նպաստել էր, որ առանց այդ էլ ոչ առողջ օրգանիզմն առավել հյուծվի: Իսկ թե մահվան անմիջական պատճառն իր հիվանդություններից որևէ մեկը, թե՞ վիրուսն է եղել՝ չենք կարող ասել: Դա ցույց կտար միայն դիահերձումը, ինչը կորոնավիրուսի հաստատման դեպքում բացառվում է», - մանրամասնեց տնօրենը:
Դերասանուհու հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 27-ին: Արարողությունը տեղի է ունենալու հատուկ կարգով՝ ոստիկանների հսկողությամբ: Նրան միանգամից կտեղափոխեն ընտանեկան գերեզմանատուն, որտեղ հուղարկավորված են ծնողները:
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ թատրոնի աշխատանքները վերջին երկու ամիսների ընթացքում դադարեցված էին: Դերասանուհին գործընկերների հետ թատրոնում որևէ շփման մեջ չի եղել:
«Մինչև արտակարգ դրության սահմանում էլ նա թատրոն չէր գալիս, հունվար-փետրվար ամսից ստիպված էր լինում անընդհատ բացակայել՝ շաքարն էր բարձրանում, թոքերը ջուր էին լցվում, սրտանոթային խնդիր ուներ: Մի քանի անգամ հոսպիտալացվել է, շտապօգնություն են կանչել: Իր մասնակցությամբ ներկայացումները ստիպված էինք հանել», - նշեց մեր զրուցակիցը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անձնակազմը, բնականաբար, հիշատակի օր կկազմակերպի՝ սիրելի գործընկերուհուն նվիրված: Բայց հստակ օր դեռևս չի նշվում: Տնօրենն ընդգծում է՝ երբ վիրուսը նահանջի ու անվտանգ լինի, իրենք անպայման միջոցառում կկազմակերպեն:
Հիշեցնենք, որ Կարինե Բուռնազյանը մահացել է մայիսի 24-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում: Aysor.am-ի հետ զրույցում դեռ երեկ Կարո Շահբազյանը տեղեկացրել էր, որ տևական ժամանակ էր՝ դերասանուհին առողջական խնդիրներ ուներ՝ սրտային, թոքային անբավարարություն, նաև՝ շաքարային դիաբետ: Վերջին մի քանի օրերին վիճակն առավել է վատացել ու հարազատները հիվանդանոց են տեղափոխել: Այնտեղ էլ մահացել է: