26/05/2020 15:05
ՄԻԵԴ-ի կայացրած վճռով Գուրգեն Մարգարյանի գործով պատասխանատվության է կանչվելու Ադրբեջանը. փաստաբան (Տեսանյութ)
Շուրջ 16 տարվա հետևողական պայքարից հետո մենք վերականգնել ենք արդարությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանն՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից գործով կայացված վճռին։
«Մենք միջազգային դատական ատյաններում նախաձեռնեցինք Ադրբեջանի պատասխանատվությունը բարձրաձայնելու գործընթացը: Ցավոք, հունգարական դատարանները մարդասպանությունը չէին վերագրել Ադրբեջանին, և հայ սպայի սպանությունը մնացել էր մասնավոր հարթության մեջ:
Այս գործով մենք հարցի հարթությունը փոխել ենք և այս պահին ունենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների համար պատասխանատվության դրվագ: Առաջին ձեռքբերումը, որ այս վճռի կայացմամբ կա, այն է, որ պատասխանատվության է կանչվել պետությունը: Հետագայում պետությունն է հանձնառու լինելու: Հասցեատեր է լինելու ոչ թե մարդասպանը, այլ Ադրբեջանը: Այս գործով մենք ունենք մեզ գոհացնող վճիռ: Ցավոք, չի արձանագրվել Հունգարիայի կողմից խախտումների փաստը, և մենք չենք բացառում այս գործով Մեծ պալատ դիմելը և Հունգարիային պատասխանատվության կանչելը:
Սա պատմականորեն առաջին վճիռն է, որով միջազգային դատական ատյանն արձանագրում է Ադրբեջանի հակահայկականությունը, խտրականությունն ու ատելությունը: Սրան պետք է հաջոդեն այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն մարդասպանի կողմից պատժի կրում», - ասաց Սիրանույշ Սահակյանը:
Նա ընդգծեց՝ իրենց պայքարը եղել և մնում է բարոյական հարթության մեջ, Գուրգեն Մարգարյանի ընտանիքն ի սկզբանե նյութական փոխհատուցման հարց չի դրել: