26/05/2020 15:34
Սաֆարովը պատիժը պետք է կրի դաժան հանցագործություններ կատարած այլ անձանց հետ՝ հավասար պայմաններում. փաստաբան (Տեսանյութ)
Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ նոր վճիռն առաջինն է իր տեսակի մեջ, որտեղ փաստացի արձանագրվում է Ադրբեջանի կողմից հայատյացության փաստը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Լևոն Գևորգյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից գործով կայացված վճռին։
«Արմենոֆոբիան դատարանի կողմից համարվել է անհերքելի: Ինչ վերաբերում է վճռի երկրորդ մասին՝ կյանքի իրավունքի ոտնահարմանը, Ադրբեջանի կողմից մի շարք քայլեր են իրականացվել՝ մարդասպան Սաֆարովի գործողությունն արդարացնելու նպատակով: Ադրբեջանը բազմիցս փորձել է հիմնավորել, իբև Սաֆարովը գործել է սթրեսային վիճակում, սակայն այս փորձերը չեն անցել:
Մեր կողմից իրականացվել է փորձ՝ մասնավոր կարգավիճակում կատարված սպանությանը վերագրել պետությանը, այսինքն՝ մեր պնդումն այս ողջ ընթացքում եղել է այն, որ Ադրբեջանն իր գործողություններով ընդունել և ճանաչել է հայազգի սպային դաժանորեն սպանած Սաֆարովի գործողությունները՝ որպես սեփական գործողություններ», - ասաց փաստաբանը:
Ասուլիսին ներկա փաստաբան Սիրանույշ Սահակյանն իր հերթին նկատեց, որ ադրբեջանցի մարդասպանին պատժախուց ուղարկելու հնարավոր վճռի ֆոնին հակառակորդ երկիրը կփորձի անել ամեն ինչ, որպեսզի վերջինս պատիժը կրի Ադրբեջանում, սակայն իրենց պահանջը լինելու է, որ վճիռը կատարվի այնպիսի երկրում, որտեղ Սաֆարովը պատիժը կկրի դաժան հանցագործություններ կատարած այլ անձանց հետ՝ հավասար պայմաններում: