26/05/2020 16:21
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արայիկ Հարությունյանի խորհրդական
Դավիթ Բաբայանն Արցախի նոր կառավարությունում նոր պաշտոն է ստացել։
«Արդեն 13 տարի է, ինչ ես գլխավորում եմ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ կառույց, որը պատասխանատու է մեր երկրի տեղեկատվական քաղաքականության համար:
Տեղեկատվական ճակատը, հատկապես մեր երկրի համար, որը գտնվում է չկարգավորված հակամարտության պայմաններում, ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն:
Ինձ համար պատիվ է եղել այս բոլոր տարիների ընթացքում ղեկավարել այդ կառույցը, լինել տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից, ծառայել իմ ժողովրդին և Հայրենիքին:
Աշխատանքս փորձել եմ կատարել արհեստավարժորեն՝ որպես ուղենիշ միշտ ունենալով պետական և ազգային շահերը:
Հարգելի՛ բարեկամներ,
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօրվանից ես պաշտոնապես թողնում եմ իմ զբաղեցրած պաշտոնը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար:
Ուզում եմ նաև հաջողություն մաղթել այս պաշտոնում ինձ փոխարինող Վահրամ Պողոսյանին, ցանկանալ նրան բեղմնավոր գործունեություն:
Հ.Գ. Հարգելի՛ գործընկերներ, ես չեմ հեռանում քաղաքական և հասարակական դաշտից: Ես ընդունել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը և այսուհետ հայրենիքին իմ ծառայությունները կմատուցեմ ԱՀ Նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում:
Լինելով նաև Արցախի պահպանողական կուսակցության նախագահ՝ ես և իմ կուսակիցները շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը մեր երկրի քաղաքական ու հասարակական դաշտում», - ֆեյբուքյան իր էջում գրել է Բաբայանը։