26/05/2020 14:52
Սահմանվել է Արցախի կառավարության նոր կառուցվածքը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին գործող կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:
Նախագահը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել գործադիր իշխանության անդամներին՝ նշելով, որ թեև նրանց մի մասն է ընդգրկվելու նոր կառավարության կազմում, բայց բոլորի փորձն ու գիտելիքները շատ կարևոր են լինելու պետականաշինության հետագա գործընթացին ծառայեցնելու համար:
Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններն՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա: Նախագահի խոսքով՝ սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) պետական նախարար
2) աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն
3) առողջապահության նախարարություն
4) արդարադատության նախարարություն
5) արտաքին գործերի նախարարություն
6) գյուղատնտեսության նախարարություն
7) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն
8) կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
9) պաշտպանության նախարարություն
10) ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն
11) տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
12) քաղաքաշինության նախարարություն
13) ֆինանսների նախարարություն
Սահմանվել է նաև պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը.
1) ազգային անվտանգության ծառայություն
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
3) բնապահպանության կոմիտե
4) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե
5) Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե
6) ոստիկանություն
7) պետական եկամուտների կոմիտե
8) պետական վերահսկողական ծառայություն
Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ: