26/05/2020 19:52
Միջազգային պրակտիկան վկայում է՝ պետության «շատ» ներկայությունը մասնավորում խնդրահարույց է. փորձագետ
Պետական միջոցների մասնակցությամբ մասնավոր ներդրումներ ներգրավելու նախագիծն առաջին հայացքից բավականին գայթակղիչ է: Այն կարելի է Հայաստանի համար նորություն անվանել, և որպես այդպիսին գոնե սկզբնական փուլում, առկա բաց տեղեկատվությունից ելնելով, առաջանում են մի շարք հարցեր, որոնց արժե ուշադրություն դարձնել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ մեկնաբանելով Կառավարության կողմից մեկնարկած ներդրումային երկարաժամկետ ծրագիրը:
Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության նիստում ներկայացրեց ծրագրի մանրամասները.
«Մենք աջակցում ենք, բայց աջակցում ենք պայմանով, որ այդպիսի ֆինանսական աջակցությունը մեր կողմից կառաջացնի նաև մասնավոր հատվածի՝ դրան մի քանի անգամ գերազանցող ներդրումները նույն ծրագրին ուղղելուն և մուլտիպլիկատիվ էֆեկտով շատ ավելի մեծ տնտեսական ազդեցություն և հետևանքներ առաջացնելուն: Սա նշանակում է, որ գործում է 1+1+2 = 4 բանաձևը, որը Կառավարության կողմից ներդրվող յուրաքանչյուր մեկ միավոր ներդրումների շնորհիվ ծրագրում ապահովում է առնվազն չորս միավոր ներդրումային ծախսեր»:
«Սա, ըստ էության, «պետություն-մասնավոր հատված» համագործակցության՝ միջազգային պրակտիկայում գոյություն ունեցող ձևաչափի տրամաբանության մեջ է տեղավորվում, որն առաջացնում է մի շարք հարցեր ինչպես անմիջապես միջազգային փորձից ելնելով, այնպես էլ՝ ծրագրի որոշ նախապայմանների ուսումնասիրության արդյունքում», - նշեց Լիլիա Ամիրխանյանը:
«Միջազգային պրակտիկայի արդյունքում համագործակցության այս ձևը բաժանվում է որոշակի փուլերի, որոնք, եթե խմբավորելու լինենք, հիմնականում երեքն են՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության օրենսդրական դաշտի մշակում, պետական ապարատում հատուկ մարմնի ստեղծում և վերջում՝ համագործակցության այս ձևաչափի կատարելագործում:
Այս փորձի տեղայնացման ընթացքում մեզ մոտ փաստացի շրջանցվել է առաջին փուլը և մեկնարկը տրվել է երկրորդից՝ այն է ԿԲ-ում Ազգային հետաքրքրությունների ֆոնդի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի ստեղծումը: Սա էվոլյուցիայի խախտման հարց է, որը կարող է խնդիրներ առաջացնել: Բայց միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունից եկող մյուս՝ առավել կարևոր, ազդակն այն է, որ պետության «շատ» ներկայությունը մասնավոր հատվածում հենց մասնավորի զարգացմանն է խոչընդոտում: Պատճառը գործունեության շահութաբերության մասին պատկերացումների շատ մեծ տարբերությունն է: Այսինքն, այստեղ հարցը պետության մասնակցության «շատ լինելը» կանխելն է», - մանրամասնեց Լ.Ամիրխանյանը:
Փորձագետն առանձնացրեց նաև հարցերի երկրորդ խումբը՝ կապված Կառավարության առաջարկած ծրագրի կետերի հետ.
«Ինչ վերաբերվում է կոնկրետ այս նախագծին, ապա սա ենթադրում է պետության մասնաբաժին ներդրումային ծրագրում, ինչը հասկանալի է, որ ենթադրում է մասնակցություն նաև որոշումների կայացման գործընթացին: Բացի այդ, նախագիծն այս պահին, որպես շահառու, դիտարկում է բացառապես այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք կարող են կատարել 1-2 մլրդ դրամի ներդրում, այսինքն խոշորներին: Ստացվում է, որ զարգացման առանցքից կրկին դուրս է մնում մանր ու միջին բիզնեսը,ինչը մեզ համար այնքան էլ նպատակահարմար չէ»:
Ամիրխանյանի պնդմամբ՝ ներդրողի համար բավականին ռիսկային է անորոշության այս պայմաններում մասնակցել մի ծրագրի, որում սկզբնական փուլում իր մասնաբաժինը կազմելու է մեկ քառորդի չափ:
«Այս պարագայում ծրագիրը պետք է երաշխավորված լինի բարձր շահութաբերությամբ, որպեսզի ներդրողը կարողանա սպասարկել իր կողմից կատարված ծախսերի, ինչպես նաև փոխառված վարկային միջոցների սպասարկումը: Այլապես ներդրողը կկորցի իր բիզնեսը: Հարցերից հարցը հետևյալն է՝ արդյոք պահը ճի՞շտ է ընտրված հետճգնաժամային միջոցառման իրականացման համար և ներդրողն ունի՞ այնքան որոշակիություն, որ վերոնշյալ խնդրի գոնեմոտավորհաշվարկիրականացնի», - ասաց նա:
Փորձագետի կարծիքով՝ այս շտապողականությունը գուցե բխում է նրանից, որ չնայած ներդրումներին «խանգարող» հանգամանքները հիմնականում չեզոքացվել են, բայց Կառավարությունն այդպես էլ չի կարողացել իրականացնել ներդրումներ ներգրավելու իր խոստումն, ինչի համար դիմում է նմանատիպ միջոցառումների: