26/05/2020 14:09
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը նախատեսում է օրական 1000-2000 կորոնավիրուսի թեստ արտադրել
Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն, այս մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին նրանց՝ ինստիտուտ կատարած այցի ժամանակ:
ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը ծանոթացել է թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկել են աշխատանքների ընթացքը և զարգացումները:
«Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100 000 թեստի պատրաստման համար, հիմա փորձարկումներ ենք իրականացնում: Աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Վերցնում ենք իրենց կողմից թեստ արված նմուշներն ու կրկնում ենք՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման», - ասել է Արսեն Առաքելյանը:
Նա վստահեցրել է, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիյի) դեպքում: Ըստ Արսեն Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր է գնահատել կատարվող աշխատանքները և ասել, որ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է աջակցել բոլոր հարցերում: