27/05/2020 15:42
Նոր բացվող ցանկացած բիզնեսն իր մեջ որոշակի ռիսկ է պարունակում, ավելի արդյունավետ կլիներ գործող միկրոբիզնեսին օգնել. Տնտեսագետը՝ հակաճգնաժամային նոր ծրագրի մասին
Կառավարությունն այսօր նիստում ներկայացրեց հակաճգնաժամային նոր ծրագիր, որով նախատեսվում է 10մլն դրամ անտոկոս վարկ տրամադրել զրոյից բիզնես ստեղծելու ձգտում ունեցող սկսնակ ձեռնարկատերերին։
Ծրագրի շահառու կարող են լինել անձինք կամ կազմակերպությունները, որոնք համապատասխանում են փոքր ու միջին ձեռնարկության չափորոշիչներին, Հայաստանի մարզերում են գործունեություն ծավալում։
«Եթե դիտարկենք, թե կորոնավիրուսով պայմանավորված նոր բացվող բիզնեսին տրամադրվող աջակցությունը տնտեսական ճգնաժամի համատեքստում որքանով է արդյունավետ, պետք է ասել, որ կառավարությունը շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձներ եղած միկրոբիզնեսի պահպանմանը, փոքր բիզնեսում իրացվելիության խնդիրների բարձրացմանը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն՝ անդրադառնալով ներկայացված հակաճգնաժամային նոր ծրագրին։
Նրա խոսքով՝ արդեն իսկ գործող ընկերություններ կան, որոնք որոշակի հաճախորդների շրջանակ են ձեռք բերել, որոշակի հասույթ ունեն, աշխատատեղեր են ստեղծել և այլն ու վիրուսով պայմանավորված որոշակի ֆինանսական խնդիրների առջև են կանգնած։
«Նրանց աջակցությունը շատ ավելի արդյունավետ կլիներ, քան՝ նոր բացվող բիզնեսին։ Նոր բացվող ցանկացած բիզնես իր մեջ որոշակի ռիսկ է պարունակում հաջողելու-չհաջողելու, որոշակի տնտեսական արդյունք ունենալու հարցում։ Իմ կարծիքով՝ կառավարությունը, եթե ցանկություն ունի ուղղակի մեղմել վիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրները, շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե առաջին հերթին անդրադառնար գործող փոքր բիզնեսի, միկրոբիզնեսի խնդիրների լուծմանը», - ասաց Կառլեն Խաչատրյանը։
Իսկ առհասարակ, նրա խոսքով, գաղափարի տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է ու լավ է, որ սկսնակ բիզնեսին պետությունը ձեռք է մեկնում.
«Որոշակի հստակ չափանիշներ պետք է լինեն և դրանց նկատմամբ վերահսկողություն պետք է լինի։ Ի վերջո, այդ միջոցները հարկատուների գումարներն են, հանրային միջոցներ են ու միշտ վտանգ կա, դրանց ոչ արդյունավետ օգտագործման։ Հետևաբար, եթե կառավարությունը որևէ մեկին բիզնես անելու նպատակով դրամաշնորհ է տրամադրում, պետք է հստակ սահմանի, թե ինչ ակնկալիքներ ունի ու դրանք չիրականացվելու պարագայում ինչ եղանակներով է այդ գումարը հետ ստանալու»։
Տնտեսագետն ասաց՝ բազմաթիվ են նախադեպերը, երբ համաճարակի ընթացքում տուժում է փոքր բիզնեսը, որը ծառայությունների, առևտրի ու սննդի գործունեությամբ չի զբաղվում.
«Այդպիսի բիզնեսները կամ փակման եզրին են կամ պարտքային լուրջ խնդիրներ ունեն»։