27/05/2020 10:02
«Հրապարակ». Նիկոլի «Սև ցուցակն» ընդարձակվել է. «Առաջիկա զարգացումներին ընդառաջ՝ պոտենցիալ անհնազանդներին պետք է խաղից հանել»
«Հերթը հասավ մերոնց՝ Վարդան Աթաբեկյան, Սոֆյա Հովսեփյան, Աննա Կարապետյան, Թագուհի Թովմասյան, Հայկ Սարգսյան (Զարեհի), Արթուր Դավթյան, Վիկտոր Ենգիբարյան, Անուշ Բեղլոյան, Շիրակ Թորոսյան, Հովհաննես Իգիթյան, Վարազդատ Կարապետյան, Արսեն Ջուլֆալակյան, և ցուցակը դեռ լիարժեք չէ, տեղ ունի ընդարձակվելու։ Այս ցանկը կառավարությունից տրվել է իրավապահներին, հասկանալի է` ում գիտությամբ, որ այս պատգամավորների վրա դոսյե հավաքվի, ժամկետն էլ է տրված` մինչև հունիսի 15-ը», - «Հրապարակ» թերթին ասել է «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ինչո՞ւ։ «Նրանց նկատմամբ հայտնի մարդը վստահություն չունի»:
Իրավապահները պետք է «նախկիններին» թողնեն, զբաղվեն «ներկաներո՞վ»։ «Այո, արդեն «որոնողական» աշխատանքներն սկսվել են՝ գնում են անգամ պատգամավորների ապրած տարածքներ, նախկին թաղեր, հալ ու հարցմունք անում` հազար թվից բաներ են ման գալիս` ընդհուպ տատ ու պապ ներգրավում, քանի որ «նորերի» վրա առանձնապես շատ բան չկա»:
Նպատա՛կը։ «Առաջիկա զարգացումներին ընդառաջ՝ պոտենցիալ անհնազանդներին պետք է խաղից հանել՝ պառլամենտում վերադասավորություն թույլ չտալու համար»։ Ստիպելու են մանդատները վա՞յր դնել, թե՞ պարզապես ուզում են «խելոքացնել»։ «Մի մասի մանդատի հարցն է դրված, մի մասի համար էլ նախամանդատային վիճակ է, հաստատ՝ վախեցողներ կլինեն»: