27/05/2020 10:10
«Հրապարակ». Նախիջևանի կողմից հակառակորդը կրակել է խոշոր տրամաչափի, հաստոցավոր գնդացրից. գումարտակի հրամանատարի մեքենան այրվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է։ Կրակոցը հնչել է Նախիջևանի կողմից՝ սահմանի այն հատվածից, որտեղ 2018-ից հետո հակառակորդն իր դիրքերն առաջ էր բերել։ Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին ևս նման դեպք էր եղել՝ հակառակորդի կրակոցից այրվել էր զորամասի հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան։ Երկու դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր չկան։ Վերջին դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի Արենի գյուղի մերձակայքում:
Փաստորեն, հակառակորդի համար լավ տեսանելի և հասանելի է դարձել մեր դիրքերի տեղաշարժը։ Պաշտպանության նախարարության լրատվականից պաշտոնապես չմեկնաբանեցին կատարվածը, սակայն նախարարությունից հաստատեցին լուրը։ Փոխանցեցին, որ հակառակորդը կրակել է խոշոր տրամաչափի, հաստոցավոր գնդացրից (Դե-Շե-Կա), վարորդները հասցրել են հեռանալ, իսկ մեքենաները լիովին այրվել են և այլևս օգտագործման ենթակա չեն»: