27/05/2020 15:51
Վրաստանում հունիսի 1-ից կաշխատեն առևտրի կենտրոններն ու ռեստորանները
Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել արագացնել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով նախկինում կիրառված սահմանափակումները հանելու քայլերը, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան՝ համակարգող խորհրդի նիստում:
«Մայիսի 29-ին կբացվեն քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակները, ներառյալ՝ մետրոն, բայց դա տեղի կունենա պարտադիր կանոններին հետևելու կարգով՝ բժշկական դիմակ կրելու և այլն: Հունիսի 1-ից կբացվեն և կաշխատեն բոլոր տեսակի խանութները, ներառյալ՝ առևտրի կենտրոնները, բաց և փակ շուկաները, ռեստորանները, որոնք ունեն բաց տարածքներ: Հունիսի 8-ից կբացվեն բոլոր տեսակի ռեստորանային ծառայությունները, նաև հյուրանոցները, որոնք ստուգման արդյունքում կունենան Առողջապահության նախարարությունից թույլտվություն», - ավելացրել է Գախարիան:
Ըստ նրա՝ բժշկական դիմակների և հիգիենայի նորմերի կիրառումը մնում է պարտադիր կանոն: