27/05/2020 12:23
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել. Նախարարը ոստիկանությանը խնդրեց հսկողություն իրականացնել
Կարծում եմ՝ առաջիկա չորս օրերը կորոնավիրուսի վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, քանի որ հանգստյան օրեր են, կառավարության այսօրվա նիստին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մեր տեղեկություներով՝ հատկապես ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են կազմակերպելու, մենք թեև ուսումնական հաստատություններին զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացնել, բայց ունենք այդպիսի տեղեկություններ», - ասաց նա:
Նախարարը հորդորեց զերծ մնալ նման միջոցառումներ կազմակերպելուց:
«Վերջին զանգը մեր շրջանավարտների կյանքում շատ կարևոր միջոցառում է և խոստացել ենք, որ համավարակի հաղթահարման և հնարավորություններ ունենալու դեպքում մեկ օր կնշանակենք և միասին կշենք այդ օրը», - ասաց նա:
Նախարարը նշեց, թե նախորդ շաբաթ Սպիտակի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել։ Նա ոստիկանությանը խնդրեց հսկողություն իրականացնել և թույլ չտալ նման կուտակումներ, «քանի որ դրանք դառնում են վարակի տարածման աղբյուր»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ դպրոցների տնօրենների և համայնքի ղեկավարների համար պետք է պատասխանատվություն սահմանել: