27/05/2020 12:11
Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի 87օբյեկտ է փակվել, ևս 12-ն այսօր կփակվի
Կառավարության այսօրվա նիստին Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ չորս տեսչական մարմինների կողմից են իրականացվում վերահսկողական աշխատանքներ՝ հիմնականում ամենառիսկային հիմնարկներում:
«Մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր պարետի որոշմամբ կփակվի, այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, խորհրդատվություն է իրականացվել 9561 սուբյեկտի մոտ: Առողջապահական տեսչական մարմնի կողմից դադարեցվել է 290 տնտեվարող սուբյեկտի գործունեություն, իսկ ընդհանուր՝ 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել», - ասաց նա:
Ասոյանի խոսքով՝ այս պահի դրությամբ փակված մանկապարտեզ չկա, պարզապես հաճախելիությունը շատ ցածր է և երեխաների 8,3 տոկոսն է հաճախում մանկապարտեզ:
Ոստիկանապետ Արման Սարգսյանն էլ նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը 966 արձանագրություն է կազմել արտակարգ ռեժիմի կանոները խախտելու համար, քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրասնպորտում կազվել է 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսու վարորդների նկատմամբ:
Նա ասաց, որ երեկ 69 մարդատար տրանսպորտային միջոցի նկատմամբ կազմվել է արձանգրություն, որոնք երթևեկել են առանց պահանջների պահպանման։
«Այսօր Հանրապետության միջմարզային ճանապարհին տեղակայվել են անցակետեր», - ասաց ոստիկանապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այդ անցակետերի նպատակն այն է՝ համոզվեն, որ որևէ ուղևոր չի երթևեկում առանց դիմակի՝ անկախ նրանից՝ նույն ընտանիք անդամ են, թե ոչ:
«Ես ակնկալում եմ, որ մեր միջոցառումները ավելի խստացվեն և լրջանան, և ամեն օր այս թեմայի լրջությունը պետք է երևա մեր փողոցներում: Մենք պայմանավորվել ենք, որ որոշակի բնակավայրերում իրականացվեն ամենօրյա ռեյդեր, որ տեղում համոզվենք, թե որքանով են կատարվում սահմանված կանոնները», - ասաց նա։